Արմինֆո. Միացյալ Նահանգները Հայաստանի կառավարությանը «քաջալերում է հետամուտ լինել դատական բարեփոխումներին երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: Այդ մասին հայտարարել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով», - ասված է դեսպանատան գրավոր արձագանքում:
Մայիսի 19-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ մայիսի 20-ի առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Քաղաքացիներն այսօր վաղ առավոտից փակել էին դատարանների մուտքերը: Այսօր Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ Հայաստանի դատական համակարգը "վիրաբուժական" բարեփոխումների կարիք ունի, քանի որ չի վայելում հանրության վստահությունը։