Արմինֆո. Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն նպատակաուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը վարվում է ճիշտ ուղղությամբ, և, համապատասխանաբար, շարունակման կարիք ունի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը:
"Արդեն այսօր կարելի է նման եզրակացության հանգել, ելնելով, թերևս, Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ հայ լրագրողների հետ հարցազրույցից, ընդ որում՝ բավական հիստերիկ։ Մամեդյարովը բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհնարինության մասին ուղիղ ոչ մի խոսք չի ասել։ Եվ դա՝ չխոսելով արդեն նման սցենարի անհնարինության պատճառների մասին։ Նա միայն կրկնում էր, որ բանակցությունների ընթացքի մասին արցախցիներին իրազեկում են համանախագահները", - նշել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին, ըստ Սաֆարյանի գնահատականների, ամենևին էլ չեն պատրաստվում դեմ հանդես գալ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Հայաստանի և Փաշինյանի առաջարկներին։ Եվ, առավել ևս, հետաքրքրվել, թե ինչու է Երևանը դա պահանջում։ Նման իրադրության պատճառը, ըստ վերլուծաբանի, ակնհայտ է. Փաշինյանի պահանջն օրինական է, ուստի ճանաչվում է համանախագահող երկրների կողմից, ինչն անուղղակիորեն հաստատում է անգամ Ադրբեջանը։ Դեհ, իհարկե՝ Արցախի ղեկավարությանը բանակցությունների մասին համանախագահների կողմից իրազեկման տեսքով։
Իշխանության գալուց ի վեր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը: Հայաստանի վարչապետն այդ անհրաժեշտությունը պայմանավորում է արցախցիների շահերը ներկայացնելու անհնարինությամբ։
Երկուշաբթի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև հանդիպման արդյունքում Հայաստանի վարչապետը հերթական անգամ լրագրողներին համոզմունք է հայտնել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Փաշինյանը նաև Ստեփանակերտի հետ բանակցելուց Բաքվի հրաժարվելը գնահատել է որպես կարևորագույն խոչընդոտ հակամարտության կարգավորման ճանապարհին: