Արմինֆո.Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրել է, որ շփում է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:
ՙԴա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք՚, - ասել է նա։ Պատասխանելով առաջիկայում հնարավոր հանդիպմանն առնչվող հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է. ՙՄի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։
Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք՚։ Անդրադառնալով Վաշինգտոնում հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ասել է․ՙԱկնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ՚։
Պատասխանելով Մամեդյարովի վերջին պնդմանն առնչվող հարցին, ըստ որի, ադրբեջանական կողմը սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին որպես բանակցային կողմ, Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է. ՙՄենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական՚։