Արմինֆո. 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուրալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նախօրեին զինծառայողի մահվան մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՙԽորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ.: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին՚, - գրել էր մամուլի քարտուղարը: