Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքման 25-ամյակի կապակցությամբ հայտարարությամբ՝ մոռանալով նշել Լեռնային Ղարաբաղը որպես փաստաթղթի տակ ստորագրած երրորդ կողմ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ Երեւանին կոչ է արել կառուցողական բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար:
Ընդ որում, Բաքուն փորձել է հերթական անգամ Երեւանին պարտադրել իր պայմանները՝ մատնանշելով <Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման, բռնի տեղահանվածների վերադարձի, ինչպես նաեւ ադրբեջանական եւ հայկական համայնքների խաղաղ գոյակցության ապահովման անհրաժեշտությունը>:
<Դա հիմք կհանդիսանա բարիդրացիական հարաբերությունների վերականգնման եւ տարածաշրջանում տեւական խաղաղության, անվտանգության եւ զարգացման ապահովման համար>, - հավաստիացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Բաքուն նաև որոշել է հայկական կողմին ներկայացնել 25 տարի առաջ ստորագրված փաստաթղթի իր մեկնաբանությունը: <Փաստաթղթում ընդգծվում է, որ հրադադարի ռեժիմի հայտարարումը նշանակում է ցանկացած ռազմական գործունեության դադարեցում, օկուպացիոն ուժերի դուրսբերում, միջազգային խաղաղապահների տեղակայում, հակամարտության գոտիներում հաղորդակցության վերականգնում, հարկադիր տեղահանվածների վերադարձ եւ հակամարտության վերջնական կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների շարունակություն: Այս ամենը նշանակում է համապարփակ մոտեցում հրադադարի ռեժիմի ապահովմանը։ Այսինքն՝ զինադադարը նախատեսում է ոչ միայն կրակի չկիրառում, այլ նաեւ ռազմական ուժերի դուրս բերում հակամարտության գոտուց եւ հրաժարում օկուպացիոն իրավիճակի ամրապնդմանը ծառայող գործունեությունից, այդ թվում ՝ հրաժարում այն գործողություններից, որոնք խոչընդոտում են հարկադիր վերաբնակների վերադարձին>, - արձանագրել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ՝ ոչ մի խոսք չասելով պետական մակարդակով իրականացվող սեփական հայատյաց քաղաքականության մասին:
Վերջում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ափսոսանք է հայտնել, որ Երեւանը հրաժարվել է սուբստանտիվ բանակցություններ վարելուց եւ <իբր ադրբեջանական տարածքների անվերապահ ազատումից> մոռանալով, որ իրենք են պարտվել Արցախյան ազատամարտում եւ չեն կարող թելադրել իրենց պայմանները: