Արմինֆո. Ոչ ոք իրավունք չունի և չի կարող միջամտել Հայաստանի գործերին։ Այս մասին մայիսի 8-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Արցախի գործող եւ նախկին նախագահների դիմումը Հայաստանի գործերին միջամտություն համարել եւ արդյոք դա չի ազդի հայ ժողովրդի միասնականության վրա ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. <Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել էն հարցին, թե ոնց է, որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատեր են եղել, ես իր հետ միասնական չեմ կարող լինել: Բաներ կան՝ ես չեմ կարող ներել ընդհանրապես, բաներ կան՝ ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, բայց չեմ էլ կարող ներել: Եթե ես իրենց հետ միասնական լինեմ, նշանակում է՝ ընդունում եմ, որ իմ ընտանիքի անդամները կարող են բիզնես ծավալել և միլիոնատեր դառնալ, բայց դա հանցագործություն է>,- հայտարարել է Փաշինյանը:
<Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ: Եթե էդ միասնականությունից 4 հոգի պակաս կա` միասնականություն մինուս 4, կամ 40 հոգի, կամ 100 հոգի, էդ իրենց խնդիրն է: Թալանվողը թալանողի հետ ի՞նչ միասնական: Բացառված է այդպիսի միասնականություն>,- հայտարարել է Փաշինյանը:
Պատասխանելով Ստեփանակերտի միջամտության մասին հարցին ՝ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարծում, թե Ղարաբաղի իշխանություններն ընդհանրապես միջամտելու հնարավորություն ունեն ։ <Եվ ընդհանրապես Երկիր մոլորակի վրա չկա ուժ, որը կարող է միջամտել Հայաստանի գործերին ։ Երկրի իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը։ Չի կարող լինել նման միջամտություն>,-ընդգծել է ՀՀ վարչապետը: