Արմինֆո. Բուլղարիան կարեւորում է Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովը Արիության եւ բուլղարական բանակի օրվա (Սուրբ Գեորգիի օր) պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ:
Փաստելով Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ գերազանց հարաբերությունների առկայությունը ոչ միայն պաշտպանական, այլեւ, ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներում, ռազմական կցորդը հավաստիացրել է, որ Սոֆիայում բարձր են գնահատում Երեւանի հետ հարաբերությունները: ՙՄենք Հայաստանը համարում ենք մեր կարեւոր բարեկամ և գործընկերը՚, - ասել է Կոմիտովը:
Նա ընդսմին նշել է, որ Բուլղարիայի պաշտպանության նախարարության ջանքերը երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային պաշտպանական նախաձեռնությունների շրջանակներում ուղղված են դաշնակիցների հետ համագործակցության խորացմանը, գործընկերների հետ շփումների զարգացմանը, Եվրոպայի հարավ-արեւելքում անվտանգության եւ կայունության հետագա ամրապնդմանը եւ ինտեգրացիոն գործընթացների խորացմանը:
Ռազմական կցորդը նաեւ հիշեցրել է, որ այս տարի Բուլղարիան նշում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու 15-ամյակը, որին նախորդել է երկար ինտեգրացիոն ուղի: ՙՆԱՏՕ-ն, առաջին հերթին, ժողովրդավարական պետությունների քաղաքական դաշինք է, որը հետապնդում է մեկ նպատակ՝ պահպանել խաղաղությունը, անվտանգությունն ու ժողովրդավարությունը։ Բուլղարիան ՆԱՏՕ-ի շատ արժեքավոր դաշնակից է եւ հաստատակամ է շարունակել իր դերը որպես անվտանգության եւ կայունության հենասյուն Բալկաններում եւ Սեւծովյան տարածաշրջանում՝ վարելով բաց, կառուցողական եւ մտածված քաղաքականություն եւ ջանքեր գործադրելով ժամանակակից պաշտպանական հնարավորությունների զարգացման ուղղությամբ: Զինված ուժերի պաշտպանության ռազմավարական տեսությունը ցույց է տալիս, որ բուլղարական բանակը ի զորու է կատարել իր առջեւ դրված խնդիրները, որոնք վերապահված են սահմանադրությամբ, ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության եւ ԵՄ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում երկրի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության ապահովման նպատակով՚, - նշել է ռազմական կցորդը, հավելելով, որ այսօր բուլղարական բանակը հաջողությամբ մասնակցում Է ՆԱՏՕ-ի ղեկավարության ներքո իրականացվող տարբեր խաղաղապահ գործողությունների եւ շարունակում է իր ավանդը ներդնել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: