
Արմինֆո.Բաքուն չի պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։
Իգիթյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են չդիմել ռազմատենչ հռետորաբանության եւ համագործակցել հումանիտար ոլորտում: ՙՉնայած դրան՝ վերջին օրերին անհանգիստ է դարձել մեր հյուսիսային սահմանին, հակառակորդը գնդակոծել է Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը։ Մենք քննարկել ենք այդ հարցը, հնարավոր է, արժե անցկացնել ԵԱՀԿ դիտարկումներ, որոնք սովորաբար իրականացվում են Արցախի և Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք պետք է ունենանք փաստեր, որ Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունները՚, - հայտարարել է պատգամավորը, նշելով, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները չեն ամրապնդվում համապատասխան գործողություններով։
Նա չի բացառել հնարավորությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի վրա կարող են դրվել պարտավորություններ, որոնց պահպանման դեպքում Բաքուն չէր կարողանա խախտել իր ստանձնած պարտավորությունները: Պատգամավորը նաև հայտարարել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ ՙԻհարկե, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն ուժի մեջ են, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում այդ փաստաթղթերն արծարծվում են։ Մենք ձգտում ենք այն բանին, որ բանակցությունները վերսկսվեն, երբ կողմերի միջեւ փոխադարձ վստահություն հաստատվի։ Այսօր Ադրբեջանն իր գործողություններով խախտում է այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է բանակցությունների համար՚, - հայտարարել է Իգիթյանը, հավելելով, որ հայ դիվանագետներն ու պատգամավորները միջազգային հարթակներում մշտապես բարձրացնում են Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հարցերը։ ՙԵս վստահ եմ, որ շուտով միջազգային հանրությունը կտա իր գնահատականը՚, - ընդգծել է նա, կրկին ընդգծելով Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը ՝ դրանց արդյունավետության համար:
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը ակտիվացրել է իր գործողությունները Արցախի հետ շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: