Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 2-ին մերժել է ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը, որով բացառվում է աշխատանքի ընդունվելիս տարիքային խտրականությունը:
Ինչպես հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ԱԺ պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում: Մասնավորապես, առաջարկվում է լրացնել ԱՕ-ն, որը <տաբու> կդնի աշխատանքային պայմանագիր կնքելիս տարիքային սահմանափակումների վրա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նախարարի խոսքով ՝ գերատեսչությունն այս փուլում աշխատում է խտրականությունը բացառելու ուղղությամբ, ինչպես տարիքային, այնպես էլ սեռային, կրոնական և այլ հատկանիշներով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է գործող դրույթը թողնել անփոփոխ ՝ մինչեւ բոլոր խտրական մոտեցումների ամբողջական վերանայումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր աշխատաշուկայում խտրական դրսեւորումների առկայության մասին: <Արդյո՞ք օրենսդրության ամբողջական վերանայման անհրաժեշտություն կա>,- հարցրել է նա: Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ անհրաժեշտություն կա սահմանել այնպիսի դրույթներ, որոնք լիովին իմպերատիվ կարգով բացառում են խտրական դրսևորումները: