Արմինֆո. Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արմատականացումը պայմանավորված է 2023 թվականից հետո էլ Թուրքիայում իշխելու նրա ձգտումով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
ՙՌեջեփ Էրդողանը հույս ունի իշխանության գլուխ մնալ նաև 2023 թվականից հետո, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը։ Եվ դրա համար նրան շատ է անհրաժեշտ իսլամական և ծայրահեղ ազգայնական ընտրազանգվածի աջակցությունը։ Ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ուղարկված ցավակցական նամակը նույնպես այս օպերայից է: Հատկապես դրա այն հատվածը, որտեղ Էրդողանը հայերի տեղահանությունն արդարացնում է ՙհայկական ավազակախմբերի եւ զինված խմբավորումների հրահրած անկարգություններով, որոնք կոտորել են մահմեդական կանանց եւ երեխաներին՚, - ընդգծել է նա:
Այսպիսով, Թուրքիայի նախագահը, Սաֆրաստյանի գնահատմամբ, փաստորեն, արդարացրել է Թուրքիայի երիտթուրքական կառավարության կողմից մի ամբողջ ժողովրդի կոտորածը ՝ Հայկական հարցի վերջնական լուծման նպատակով։ Եվ դա անում է, ըստ ակադեմիկոսի, միանգամայն գիտակցաբար՝ իր մեսիջները հղելով ոչ միայն Հայաստանին, այլև Հայոց ցեղասպանության թեմայով ավելի ու ավելի հաճախ հետաքրքրվող մի շարք մահմեդական երկրների։
ՙԱյս լույսի ներքո, խոսելով մահմեդական կանանց և երեխաների բնաջնջման մասին, Էրդողանը ձգտում է Թուրքիայի շուրջ համախմբել իսլամական աշխարհը։ Հատկապես, հաշվի առնելով, որ Էրդողանի ծրագրած ՙՆոր Թուրքիայի՚ ստեղծման գաղափարական հիմքերն են պանթյուրքիզմն ու թուրքերենի միջազգային հանրայնացումը՚, - ընդգծել է Սաֆրաստյանը։
Ելնելով թուրքական քաղաքականության նման միտումներից՝ Հայաստանը, Թուրքագետի կարծիքով, պետք է ուժեղացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խթանումը՝ Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրության կողմից հայերին հասցված ֆինանսական, բարոյական, քաղաքական և տարածքային վնասը փոխհատուցելու նպատակով։
Պատմական արդարության վերականգնման նպատակով Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշման ուժեղացմանն ուղղված նման աշխատանքը բավական բարդ է եւ ծավալուն։ Սակայն Թուրքիայի հզոր հակազդեցությունը, նրա կարծիքով, կարելի է և պետք է հաղթահարել, առաջին հերթին, հենվելով հայության ոչ պակաս հզոր մտավոր ներուժի վրա։ Սաֆրաստյանի գնահատմամբ ՝ այսօր այս հարցում հայերին պակասում է համակարգված քաղաքականությունը։ Եվ իրավիճակը շտկելու համար նախաձեռնությունն ու առաջատար դերը պետք է դրսևորի և իր վրա վերցնի Հայաստանը, այլ ոչ թե աշխարհով մեկ սփռված սփյուռքյան օջախները։ Նրա կանխատեսմամբ ՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միասնական քաղաքականության մշակման և իրականացման գործում առանցքային դեր է ստանձնելու հայերի երիտասարդ սերունդը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: