Արմինֆո. Ինչպես գիտեք, իմ տարեկան զեկույցում նշված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների հետ կապված բոլոր հարցերը։
Այդ մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ զեկույցում տեղ են գտել նաեւ Քոչարյանի գույքի եւ կենսաթոշակի կալանքի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների այցելության հետ կապված հարցեր: Թաթոյանը նշել է, որ գործն ուղարկվել է դատարան, եւ այս փուլում մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը նվազել է։
Միեւնույն ժամանակ Թաթոյանը հայտարարել է, որ զեկույցում բազմիցս նշվել է, որ պետք է զերծ մնալ գործի վերաբերյալ մեկնաբանություններից: ՙԱյս գործերում անհրաժեշտ է հանրային վստահության առկայություն, չէ որ այդ գործերով պետությունն իր վրա է վերցնում հսկայական բեռ՝ իրականացնելով օրենքի գերակայությունը։ Ես նաեւ կարեւորել եմ հանրային պատասխանատվության բարձր մակարդակը վստահության բաղադրիչի իրականացման գործում՚, - ասել է օմբուդսմենը, ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտության շնորհիվ վերացվել է Քոչարյանի կենսաթոշակի նկատմամբ կալանքը:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել պատկան մարմիններին,
որոնք վարում են տվյալ գործը, կամ ներգրավված են դրանում, հաշվի առնել անմեղության կանխավարկածը, քանի որ դա կարեւոր է այն խնդիրների լուծման տեսանկյունից, որոնք իրենց առջև դրել է պետությունը։
Թաթոյանը նկատել է, որ արձանագրվում են անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիրներ։ ՙԵս նշել եմ, որ պաշտոնատար անձինք, հատկապես հանցավորության դեմ պայքարի ոլորտում պատասխանատու պաշտոնյաները, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, քանի որ դա կարող է վնասել նաև այն գործին, որը վարվում է՚, - ընդգծել է նա, հավելելով, որ, օրինակ, նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործում ակնհայտորեն առկա էր անմեղության կանխավարկածի խախտման փաստը։