Արմինֆո. Հայաստանի մասնակցությանը չինական ՙՄեկ գոտի ՝ մեկ ճանապարհ՚ նախագծին խանգարում է Ռուսաստանը, Ադրբեջանին՝ ռազմավարության բացակայությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։
ՙԱդրբեջանն արդեն վիթխարի միջոցներ է ներդրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման համար։ Գաղափարի համաձայն՝ այս նախագիծը հեռանկարում պետք է դառնա չինական ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ նախագծի բաղկացուցիչ մասը։ Սակայն, ԲԹԿ ծրագիրն այսօր աշխատում է իր ծրագրված կարողությունների 2%-ով: Պատճառները ապաշնորհ կառավարումն է, հստակ տնտեսական հայեցակարգի և քաղաքական կամքի բացակայությունը, քանի որ տնտեսության զարգացման առկա ռազմավարությունը հենվում է աստիճանաբար սպառվող նավթի և գազի վրա։ Համապատասխանաբար, միայն մեր ռազմավարության փոփոխությունները թույլ կտան մեզ եկամուտներ ստանալ չինական տարանցումից՚, - ընդգծել է նա։
Հարավային Կովկասը 2010 թվականին Պեկինի կողմից առաջ քաշված ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ նախագծի շատ կարեւոր բաղադրիչ է։ Արևմուտքում տարածաշրջանը հարևան է Թուրքիայի հետ, հարավ-արևելքում՝ Իրանի հետ, այն պետությունների հետ, որոնք նույնպես ներգրավված են չինական այդ աշխարհատնտեսական նախագծում։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Չինաստանը տարածաշրջանի բոլոր երկրների հետ կաշխատի ամեն դեպքում՝ անկախ նրանց խնդիրների խորությունից ու պատճառներից։ Մասնավորապես, ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ նախագծին մասնակցելու ուղղությամբ Հայաստանի ճանապարհին, նրա գնահատմամբ, կանգնած է Մոսկվան, ինչը զգալիորեն նվազեցնում է Երեւանի մասնակցության ձգտումը եւ, համապատասխանաբար՝ հնարավորությունները: Մինչդեռ Վրաստանը հիանալի ներգրվում է նախագծի ընդհանուր ռազմավարության մեջ՝ Պեկինի աչքում արդեն ունենալով ռենոմեն և տարանցիկ երկրի հնարավորություններ։
Ալիզադեի գնահատմամբ, Ադրբեջանն, ամեն դեպքում, փորձում է խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ եւ Պեկինի հետ արդեն ստորագրել է 821 մլն դոլարի փոխադարձ ներդրումային համաձայնագրեր: Ռուսաստանը, իր հերթին, որի շահերին այդ ամենն ուղղակիորեն հակասում է, հնարավոր ամեն ինչ անում է նախագծի շահութաբերության անկման համար՝ որպես այլընտրանք առաջարկելով սեփական Անդրսիբիրյան մայրուղին: