Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարարը չի բացառել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու հնարավորությունը:
ՙԱռաջին լրատվականի՚ հետ հարցազրույցում Մանցականյանը, անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությանը, արձանագրել է, որ ելնելով այն հանգամանքից, որ նախորդ հանդիպումները եղել են Փարիզում և Մոսկվայում, չի բացառվում, որ ապագա հանդիպումը լինի ԱՄՆ մայրաքաղաքում։ ՙՄենք պատրաստ ենք այդ հանդիպմանը։ Պետք է լինի հաջորդ փուլը: Հենց որ մեր ամերիկացի գործընկերները հստակեցնեն հրավերը, այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել այդ թեմայով՚, - ասել է Մնացականյանը։
Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը և Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների դրան հաջորդած այն հայտարարություններին, թե հանդիպմանը քննարկվել են հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ 2016 թվականի առաջարկները, Մնացականյանը հավաստիացրել է, որ հանդիպման մասին բոլոր մանրամասները հնչեցվել են ամփոփիչ հայտարարության մեջ, և ինքն անհրաժեշտություն չի տեսնում որևէ բան ավելացնել հայտարարությանը:
Նա նաև չի մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանի և Ադրբեջանի իր գործընկերները հետագայում հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով, ասելով, թե չէր ցանկանա անցնել կոռեկտության սահմաններն այդ հարցում։ Մնացականյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ մոսկովյան հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի քննարկվել: