Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմանը: Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՙԻմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի հայտարարությունը, որը կողմ է արտահայտվել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտության օգտին։
Վարչապետի համոզմամբ, ցանկացած հեռուստաընկերություն և ցանկացած պետություն պետք է հստակ հասկանա, որ կան կոռեկտության հարցեր, որոնք անհրաժեշտ է պահպանել, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է սահմանափակել որևէ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը՚:
Հիշեցնենք, որ պատգամավոր Նարինե Թուխիկյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին՚ հաշվետվության քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայաստանում ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակման անհրաժեշտության հարցը, քանի որ ռուսական որոշ հեռուստաալիքների ծրագրերում, որոնց հետ ՀՀ - ն պայմանագրեր ունի, ՙՄիր՚, ՙՕՌՏ՚ և ՙՌոսիա 1՚ կան քաղաքական ենթատեքստեր՝ ուղղված Հայաստանի դեմ։ Այս առնչությամբ Թուխիկյանը հետաքրքրվել էր նաև ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանից, թե հնարավոր է արդյոք սահմանափակել կամ ընդհանրապես անջատել այդ ալիքների հեռարձակումը՝ գոնե ՙհակահայկական, թշնամանք սերմանող ծրագրերի՚ հեռարձակման ժամանակ։ ՙՍա կարեւոր քաղաքական հարց է՚, - հավաստիացրել էր պատգամավորը: