Արմինֆո. Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է մայրաքաղաքի ուղևորափոխադրողների կողմից բողոքի ակցիայի անցկացման մասին:
Երեւանում ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եղիազարյանը տեղեկացրել է, որ ակցիան նախատեսված է ապրիլի 16-ին եւ կրում է նախազգուշական բնույթ: Նա փաստել է լուրջ խնդիրների առկայության մասին, որոնց այսօր մայրաքաղաքի փոխադրողները բախվում են գների համատարած աճի, պետական դոտացիաների բացակայության եւ ուղեվարձի գնի անփոփոխության պատճառով, որը սահմանվել է դեռեւս 1996 թվականին:
ՙ1996-ից ամեն ինչ մի քանի անգամ թանկացել է, եւ պահեստամասերը, եւ վառելանյութը, եւ մնացած ամեն ինչ, իսկ ուղեվարձն այդպես էլ մնացել է 100 դրամի մակարդակում։ Արդեն մոտ 100 միկրոավտոբուսներ շարքից դուրս են եկել, ևս մոտ 450-500-ը՝ վտանգի տակ են։ Այդ պատճառով փակվում են երթուղիները։ Մենք դիմել ենք նաեւ վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ չլուծված է մնացել՚,-դժգոհել է ուղեւորափոխադրողների միության նախագահը,՝ հավելելով, որ այսօր Երեւանում տրանսպորտը պետք է արժենա 200 դրամ, այլ ոչ թե 100 դրամ։
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ իրենք խնդրում են դոտացիա, այլ ոչ թե ուղեվարձի թանկացում, ինչը թույլ կտար նրանց դուրս գալ ստեղծված փակուղային իրավիճակից և շարունակել գործունեությունը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Երեւանում 250 ավտոբուս դուրս չէր եկել երթուղի՝ բողոքելով տեսախցիկների տեղադրման դեմ: Փետրվարին նման իրավիճակ էր ստեղծվել ՙԵրևան ավտոբուս՚ ՓԲԸ տնօրենին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի փորձի պատճառով։