Արմինֆո.Վերջին օրերին տարբեր երկրների և քաղաքների քաղաքապետարանների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ալիքը ծանր բեռ է դարձել Թուրքիայի ուսերին, որը որոշել է այդ վիճակից դուրս գալ Հայաստանի վրա հարձակումների հաշվին:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատության է ենթարկել Իտալիային, Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հերթը հասել է Հայաստանին։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հռետորական հարց է ուղղել, թե ինչու Հայաստանն իր զորքերը դուրս չի բերում իբր պատմական տարածքներից, ընդ որում մոռանալով, ի դեպ, կամ դիտավորյալ լռելով այն մասին, որ այդ տարածքները, ինչպես նաև Արևելյան Թուրքիայի ողջ հատվածը բուն հայկական տարածքներ են, և որ իրենք այդ տարածքներում հիմնավոր բնակություն են հաստատել, քանի որ ծրագրել և իրականացրել են բնիկ հայ բնակչության կոտորածները: Դրա հետ մեկտեղ նա խոսել է ազնվության մասին, կոչ անելով Հայաստանի ներկայացուցիչներին առաջին հերթին ազնիվ լինել հենց իրենց հետ՝ ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ ՙԲոլոր միջազգային կառույցները, որոնց անդամակցում է Հայաստանը, հստակ արձանագրում են ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը։ Ինչու՞ Հայաստանը իր զորքերը դուրս չի բերում Ղարաբաղից՚, - ասել է Չավուշօղլուն, ընդսմին չնշելով ոչ մի կառույց, որը ճանաչում է այդ փաստը։
Կարծես իմիջիայլոց, Թուրքիայի արտգործնախարարը հանկարծ հիշել է նաև հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, մոռանալով, որ հենց Անկարան է ձախողել Ցյուրիխյան արձանագրությունների իրականացումը՝ նախապայմաններ առաջ քաշելով։ ՙՄենք հստակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ ադրբեջանական տարածքներից զորքերի դուրսբերման պայմանով՚, - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, կրկին մոռանալով, որ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ի սկզբանե որեւէ պայման չէր նախատեսում:
ՙԿրտսեր եղբորը՚ ավելի աջակցելու համար նա ընդգծել է, որ Ադրբեջանի ցանկացած խնդիր ուղղակիորեն առնչվում է Թուրքիայի շահերին։ ՙՀայերը խոսում են արդարության մասին և միևնույն ժամանակ ստեր են տարածում ինչ-որ ցեղասպանության մասին։ Դրա հետ մեկտեղ, պաշտոնական Երեւանը հրաժարվում է Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունները քննարկելու համար գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծել՚, - ասել է Չավուշօղլուն: Վերջում Թուրքիայի ԱԳ նախարարը անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության շարքերում, իբր, մեծ թվով հայերի առկայության առնչությամբ, լռելության մատնելով այն հանգամանքը, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը տարիներ շարունակ պայքարում է Թուրքիայում քրդերի քաղաքական իրավունքների և Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար