Արմինֆո. Մոսկվայի ակտիվացումը Արցախի հարցում Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում։ Արմինֆո - ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Ռուսաստանում նախատեսվող հանդիպումը:
Հինգշաբթի օրը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Արմինֆո-ի հետ զրույցում նշել է, որ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված յուրաքանչյուր հանդիպման ամսաթվի եւ վայրի մասին միաժամանակ իրազեկման շուրջ պայմանավորվածություններով, տեղեկացնում է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Ընդ որում, նա ընդգծել է, որ այս անգամ հանդիպմանը կմասնակցի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
<Ամենակարևորն այն է, որ այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մի քանի ամսից հենց Ռուսաստանի հետ ։ Առայժմ Մոսկվան ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՝ հետապնդելով բացառապես ֆինանսական շահ ստանալու նպատակ։ Իր այս խաղում, որը քիչ ընդհանրություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության հետ, Ռուսաստանն առկախված վիճակում է պահում Արցախյան հիմնախնդիրը ՝ ռուսական պահեստներում մնացած ռազմական տեխնիկան Ադրբեջանին վաճառելու նպատակով>, - նշել է նա ։
Շիրինյանի գնահատմամբ ՝ Բաքվի մասնակցությունը Ռուսաստանի նախաձեռնած այս խաղին ադրբեջանցիների վրա միլիարդավոր դոլարներ է նստում։ Եվ նավթի վաճառքից Ադրբեջանի ստացած գումարների առյուծի բաժինը գնում է Ռուսաստան։ Այս պայմաններում Հայաստանը և Արցախը, ըստ քաղաքագետի, պետք է ապավինեն բացառապես սեփական ուժերին, քանի որ այս փուլում հայկական շահերը ռուսական շահերի հետ, մեղմ ասած, համահունչ չեն ։