Արմինֆո.Թուրքիայում վրդովված են Իտալիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման կապակցությամբ ։
Անկարան չի սահմանափակվել այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությամբ, և գործի է դրվել ՙծանր հրետանին՚, Իտալիայի խորհրդարանի հասցեին քննադատությամբ հանդես են եկել արդեն Էրդողանի աշխատակազմից։
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեղադրել է Իտալիայի խորհրդարանին պատմական իրողություններն անտեսելու եւ պառակտում սերմանելու համար: ՙՎճռականորեն դատապարտում ենք նման մոտեցումը, որն անտեսում է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին (1915 թվականի դեպքերն ուսումնասիրող - խմբ.) մեր նախագահի կոչը եւ բորբոքում է քաղաքական պոպուլիզմ՚, - գրել է Քալընը Twitter-ում:
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը չի վրիպել նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի ուշադրությունից: ՙԱմենավճռական կերպով դատապարտում ենք մեր պատմությունը խեղաթյուրելու եւ քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի փորձերը՚, - գրել է Ալթունը Twitter-ի իր էջում: Ալթունը Իտալիայի խորհրդարանի դիրքորոշումն անվանել է ՙհակաարդյունավետ, թշնամական եւ տխուր՚: ՙՄիմյանց հիշատակը հարձակման ենթարկելու փոխարեն մենք բոլորս պետք է աշխատենք միասին, որպեսզի ապահովենք ճշմարտության հաղթանակը հորինվածքի նկատմամբ՚, - հավելել է Ալթունը:
Նախօրեին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է մի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային հնչեղություն տալ դրան։ Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, Իտալիայի խորհրդարանի 432 պատգամավորներից 382-ը ՙկողմ՚ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Բանաձևի ընդունումն ուղեկցվել է բուռն ծափահարություններով։