Արմինֆո. Պաշտոնական Անկարան արձագանքել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այսպես, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի խորհրդարանի որոշումը ոչ մի ուժ չունի։
ՙԻտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի այս որոշումը ոչ մի ուժ չունի, ինչպես՝ պատմությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ Անընդունելի է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը գործիք դառնա Եվրոպական խորհրդարանի ընտրություններում քսենոֆոբիական կուսակցության օգտին ձայներ հավաքելու նպատակով կազմակերպված խաղում՚, - գրել է Թուրքիայի արտգործնախարարը Twitter-ի իր էջում ։
Նախօրեին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է մի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային հնչեղություն տալ դրան։ Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, Իտալիայի խորհրդարանի 432 պատգամավորներից 382-ը ՙկողմ՚ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Բանաձևի ընդունումն ուղեկցվել է բուռն ծափահարություններով։