Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուրե հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուրե հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուրե կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին: Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուրե հիմնադրամի հետ այս ուղղությամբ: