Արմինֆո.Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո մեզ համար հսկայական նշանակություն ունի դատական համակարգի լիակատար անկախությունն ու արդարությունը։ Այդ մասին այսօր Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի հիմնադրման տարեդարձի տոնակատարության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում Հայաստանում լուրջ առաջընթաց է նկատվում, և բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնցից մեկը ազատ դատական համակարգն է: Նրա խոսքով՝ Հայաստանում ազատ դատական համակարգի մասին խոսել են անկախությունից ի վեր, սակայն այն այդպես էլ չի ձևավորվել այս տարիների ընթացքում։ Վարչապետի ասելով, Հայաստանի նոր իշխանության համար առաջնային խնդիր է անկախ դատական իշխանությունը, այդ հարցը եղել է օրակարգում։ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է նախորդ ռեժիմի՝ դատական համակարգի նկատմամբ ենթադրյալ ճնշման պրակտիկայից, և եթե որևէ մեկը փորձի այլ կերպ վարվել, ուրեմն այդ մարդը գործում է Հայաստանի ժողովրդի և կառավարության դեմ։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում պետք է լինեն դատավորներ, որոնք պատասխանատվություն կստանձնեն և կգործեն օրենքի շրջանակներում: ՙԱյս առումով մեզ համար կարևոր է հետևողական պայքարը կոռուպցիայի դեմ։ Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել, նա պետք է իմանա, որ արդարությունը կհաղթի։ Ես վստահ եմ, որ փոփոխությունների հնարավորությունը կօգտագործվի, եւ մենք կհասնենք մեր նպատակին։ Իսկ եթե ինչ-որ մեկը փորձի մեզ խանգարել, մենք ստիպված կլինենք լուծել այդ հարցը՚,- հայտարարել է վարչապետը։
Ելույթի ավարտին Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հեղափոխությունից հետո ընձեռված հնարավորությունը կօգտագործվի, և Հայաստանում առաջիկայում կձևավորվի անկախ դատական համակարգ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, իր հերթին, հայտարարել է, թե ԲԴԽ երաշխիք է հանդիսանում դատական իշխանության անկախության և դատավորների համար։ ՙՀետեւողական աշխատանքի միջոցով մենք մտադիր ենք ապահովել դատական իշխանության լիակատար անկախությունը, բարձրացնել ժողովրդի վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ, նախադրյալներ ստեղծել երկրում օրենքի գերակայության շարունակական ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության համար՚, - նշել է Հարությունյանը: Նա նաեւ նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ԲԴԽ-ն ներդրել է էլեկտրոնային արդարադատության եւ մոնիտորինգի համակարգ: ՙԴա հնարավորություն կտա կրճատել ծախսերը դատական համակարգում, ինչպես նաեւ դատարաններն ավելի մատչելի դարձնել երկրի քաղաքացիների համար՚, - ընդգծել է Հարությունյանը:
Նա նաեւ հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը զբաղվել է դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց արդյունավետ լուծման մեխանիզմների բացահայտմամբ: ՙՄենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը Հայաստանում արդարադատության առավել մատչելի, ազատ եւ արդար համակարգ ապահովելու համար՚, - եզրափակել է Հարությունյանը: