Արմինֆո.Արտգործնախարարությունն արձագանքել է Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների առնչությամբ Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարություններին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
ՙՏեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։
ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։ Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։
Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները՚։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները ՙխորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել՚:
ՙԱտելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:
ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ՚,- ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարության մեջ: