Արմինֆո.Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերություններն Ադրբեջանին թույլ չեն տա նոր արկածախնդրության գնալ ընդդեմ Արցախի, առնվազն, այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարաբերությունները հերթական անգամ չեն փչանա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
ՙՓողի վրա նստած Ադրբեջանի ղեկավարությունն այսօր, պարզապես, ի վիճակի չէ իրեն թույլ տալ նոր պատերազմ։ Այս լույսի ներքո, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները ռազմական գործողություններին ԶՈՒ մարտական պատրաստվածության մասին, որոնք, իբր, կարող են սկսվել ցանկացած պահի, առկա իրողություններին, մեղմ ասած, չեն համապատասխանում: Իսկ չէ որ կա նաև աշխարհաքաղաքականություն. պետք է հասկանալ, որ ղարաբաղյան հակամարտությունը հակամարտություն չէ բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հակամարտության մեջ ներքաշված են մի խումբ երկրներ՚, - նշել Է գեներալը։ Այս լույսի ներքո Տեր-Թադևոսյանը հիշեցրել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը սկսվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի դրդմամբ, որն այն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ ուներ։ Սակայն այժմ ռուս-թուրքական հարաբերություններում իրավիճակը, նրա գնահատմամբ, բոլորովին այլ է, և Բաքուն չի կարող անտեսել առկա իրողությունները։ Մյուս կողմից, Իլհամ Ալիևին պետք է ժամանակ առ ժամանակ ցույց տալ ժողովրդին ՙհողերը վերադարձնելու՚ ձգտում, ինչով էլ, ըստ հայ գեներալի, բացատրվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի նման հայտարարությունները։
Տեր-Թադևոսյանի գնահատմամբ, Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների թվի կտրուկ նվազումը ինչ-որ չափով պայմանավորված է նաև Մոսկվայի և Անկարայի միջև լավ հարաբերություններով։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հրադադարի ռեժիմի խախտումներ եղել են, կան և միշտ կլինեն։ Սակայն, ըստ գեներալի, եթե նախկինում հայկական զինված ուժերը միշտ միայն պատասխանում էին հակառակորդի կրակոցներին, ապա այսօր իրավիճակն այլ է, և հաճախ հայ զինվորականները գործում են կանխարգելիչ կարգով։
ՙՄեր զինվորականներն այսօր, անշուշտ, մարտական պատրաստվածության շատ ավելի բարձր աստիճանի են, քան, օրինակ, 2016-ի ապրիլին։ Այդ մասին է խոսում, առնվազն, առաջնագծում շարունակվող էական վերազինումը և վերասարքավորումը։ Ադրբեջանցիները շատ լավ են տեսնում այդ ամենը և, համապատասխանաբար, հասկանում են, որ նոր պատերազմը կարող է իրենց համար շատ տխուր ավարտ ունենալ։ Դա նաեւ նպաստում է հարեւան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ վիճակում պահելուն՚, - ընդգծել Է գեներալը։