Արմինֆո.Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ղարաբաղյան հակամարտության լուծման ընդունելի լինելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեծ առաջընթաց քայլ էր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Փետրվարի 1 - ին Բեռլինում Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ երկրորդ անգամ հնչեցրեց Ղարաբաղի շուրջ խաղաղության սեփական բանաձևը, ըստ որի, կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Վարչապետը նաև ափսոսանքով նշեց բանակցային գործընթացն առաջ մղելու մեծ հույսերի բացակայությունը այնքան ժամանակ, քանի դեռ նման հայտարարություններ չեն հնչել Բաքվից։ Գերմանիայի կանցլերն, իր հերթին, Փաշինյանի խոսքերը գնահատեց որպես ՙհակամարտության կարգավորմանն ուղղված համարձակ քայլ՚՝ ընդգծելով Բաքվի՝ նման քայլերի պատրաստակամության անհրաժեշտությունը:
ՙԴա դարձավ ադրբեջանական հասարակության ուղղությամբ մեկնած ձեռք։ Եվ մենք պետք է նրանցից համանման քայլ ակնկալենք։ Եթե լինի հակամարտության կարգավորում, ապա այն պետք է ընդունելի լինի ժողովուրդների համար։ Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու անհրաժեշտության մասին վարչապետի հնչեցրած կարծիքը ես դիտարկում եմ խաղաղություն կնքելու համար բացառապես երկու պետությունների ղեկավարների միջև բանակցությունների անբավարարության համատեքստում։ Այս լույսի ներքո այլ երկրի հասարակության նկատմամբ ագրեսիայի բացակայությունը պետք է ցուցադրի, առաջին հերթին, հենց ղեկավարությունը՚, - ընդգծել Է խորհրդարանականը։
Նրա գնահատմամբ, Հայաստանի իշխանություններն այլևս ոչնչով կաշկանդված չեն իրենց դատողություններում և հայտարարություններում։ Իսկ բանակցություններում անկաշկանդ լինելը, այդ թվում ՝ բարեկամ և դաշնակից երկրների հետ, դարձավ լավ տոն։ Ռուբինյանի կարծիքով, խնդիրների առկայությունը ենթադրում է դրանց քննարկում՝ լուծման հասնելու նպատակով։ Ինչն, ըստ էության, այսօր էլ անում է Երևանը՝ իր հերթին պատրաստ լինելով լսել գործընկեր երկրների մտահոգությունները։
Ըստ խորհրդարանականի գնահատականների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, միջազգային այլ կառույցներում պատվիրակությունները հանգամանալից միջազգային գործընկերների ուշադրությանն են ներկայացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմավարության վերաբերյալ սեփական տեսակետը: Եվ, Ռուբինյանի տպավորությունների համաձայն, վերջիններս առնվազն հասկանում են նման դիրքորոշման տրամաբանությունն ու պատճառները։
ՙԱյդ լույսի ներքո կարող եմ ասել, որ գոնե այս պահին ԵԽԽՎ օրակարգում հակահայկական բանաձևերի նախագծեր չկան։ Ադրբեջանցիները զգալիորեն նվազեցրել են ակտիվությունը նաև այլ միջազգային հարթակներում։ Իմ կարծիքով, դա պայմանավորված է Բաքվի ռազմավարության որոշակի մարտավարական փոփոխություններով։ Այսօր նրանք իրենց պակաս ագրեսիվ են պահում, սակայն, դա բնավ չի բացառում նրանց ագրեսիվությունը վաղը։ Եվ մենք, իհարկե, պետք է պատրաստ լինենք դրան և նման սցենարը դիմավորենք, ինչպես ասում են, ողջ սպառազինությամբ՚, - ամփոփել է Ռուբինյանը։