Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը Մոսկվայում է գտնվում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպմանը:
ՙԱդրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է կայանալ Մոսկվայում՚, - նշել է Էլմար Մամեդյարովը, հաղորդում է Report-ը:
Նախարարը լրագրողներին պատմել է նաեւ այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վիեննայի հանդիպումը, ընդհանուր առմամբ, ցույց է տվել, որ թեեւ դժվար բայց շոշափվում են շփման եզրեր:
Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ եթե Հայաստանը չկարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա ապագա չունի։ Նրա խոսքով, Հայաստանը խոսում է նոր տնտեսական նախագծերի մասին, բայց այնտեղ ՙգրեթե ոչ ոք չի մնացել, բոլոր խելացի մարդիկ լքել են երկիրը, ուրեմն, ու՞մ հետ է Հայաստանը իրականացնելու տնտեսական հեղափոխություն, եւ՝ ու՞մ համար՚:
Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր կայացած հանդիպման մասին ՝ Մամեդյարովը նշել է, որ մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ ՙՍերգեյ Վիկտորովիչը փորձառու դիվանագետ է, և երևում է, որ նա շահագրգռված է խնդրի շուտափույթ լուծմամբ։ Առայժմ այդ հարցը նա քննարկել է միայն ինձ հետ։ Իհարկե, Ադրբեջանի համար, որքան շուտ ազատագրվեն օկուպացված տարածքները, այնքան լավ։ Սակայն հարկավոր է հասկանալ, որ նա պետք է բանակցություններ վարի Հայաստանի արտգործնախարարի հետ՚, - ասել է Մամեդյարովը։