Արմինֆո. Ինքնուրույն, անկախ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո գոյություն ունի։ Եվ այս լույսի ներքո նրա ներկայացուցիչների մասնակցությունն այս կամ այն կառույցին և բանակցություններին թույլ չտալու փորձերը որևէ լավ բանի չեն հանգեցնում։ ԱրմԻնֆո-ին այդպիիս կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Բաքվում ոմանք պարբերաբար պնդում են ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Երեւանի, Հայաստանի այլ տարածքների գրավման անհրաժեշտության մասին ։ Ակնհայտ է, որ դրա համար պետք է ոչնչացնել հայ բնակչությանը, ինչը ոչ ոք երբեք թույլ չի տա։ Ոչ ոք թույլ չի տա կոտորած ազգային հատկանիշով։ Իր հերթին` Հայաստանում էլ բավական շատ են մարդիկ, որոնք արտահայտվում են «ոչ մի թիզ հող թշնամուն՚ ոգով։ Ինձ թվում է, որ ազգային մասշտաբով նման դիրքորոշման պրոյեկցումը կհանգեցնի այն բանին, որ հակամարտությունը երբեք չի կարգավորվի՚, - նշել է նա։
Անդրադառնալով բանակցային սեղանին դրված կարգավորման առաջարկները՝ ռուսաստանցի խորհրդարանականը նկատել է, որ հաշվի առնելով հակամարտության փուլային լուծման համար անհրաժեշտ վստահության բացակայությունը, կարգավորումը հնարավոր է բացառապես փաթեթային տարբերակով: Ընդ որում, նա չի բացառել նման պայմանագրի արդյունքում խաղաղապահ ստորաբաժանումների հայտնվելը Ղարաբաղում` կողմերի տարանջատման, իրավիճակի զարգացման դիտարկման, հարակից շրջանների ապառազմականացման համար եւ այլն: Զատուլինի կարծիքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը պետք է կրեն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները: Ներկայումս կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջ քաշած եւ 2009 թվականին թարմացված «մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում: