Արմինֆո. Փոխհատուցում կստանան ոչ միայն 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատները, այլեւ այն քաղաքացիները, որոնք այդ իրադարձությունների ժամանակ ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ են ստացել։ Այդ մասին ապրիլի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշել է, որ զոհվածների հարազատները, ինչպես նաեւ տուժածները հնարավորություն կունենան փոխհատուցում ստանալու հայտեր ներկայացնել կառավարություն` այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հերթին նշել է, որ այս օրինագիծը հասարակական-քաղաքական մեծ նշանակություն ունի: Նազարյանի խոսքով ՝ մինչ այդ պետությունը օգնություն է ցուցաբերել տուժածներին, սակայն ոստիկանների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ եղել է տարբերակված մոտեցում: «Մեր օրինագիծն ուղղված է արդարության վերականգնմանը։ Չեմ ուզում անուններ տալ, բայց ես գիտեմ, որ եղել են տուժածների հարազատներ, որոնք մեծ աջակցություն են ստացել եւ և շարունակում են ստանալ այն, սակայն կան մարդիկ, որոնք ոչինչ չեն ստացել՚, - ընդգծել է փոխխոսնակը։ Նա նաեւ նշել է, որ չափը, պայմանները, ինչպես նաեւ փոխհատուցում ստանալու կարգը կորոշվի կառավարության որոշմամբ: