Արմինֆո.Հայաստանը շատ լավ օրինակ է «Արեւելյան գործընկերության՚ մասնակից երկրների շրջանում՝ մեծ փոփոխությունների ունակության եւ պետական կառավարման որակի բարձրացման տեսանկյունից։ Ապրիլի 4-ին Երեւանում ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված համաժողովում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Դիվանագետի խոսքով՝ այսօր Հայաստանում լուրջ բարեփոխումներ են ընթանում մի շարք ուղղություններով, որոնք թույլ կտան բարձրացնել երկրի ներգրավվածությունը եվրոպական գործընթացներում:
«ԱԳ 10-ամյակին նվիրված այսօրվա համաժողովը լավ հնարավորություն է հայկական կողմի համար նախանշելու համագործակցության ուղղությունները «Արևելյան գործընկերության ծրագրի՚ շրջանակում՚, - ասել է դեսպանը, միաժամանակ հավաստիացնելով, որ Արևելյան գործընկերության ծրագրում ոչ մի թաքնված օրակարգ չի եղել. հենց սկզբից գաղափարը եղել է հարաբերությունների ամրապնդումը Եվրամիության և արևելյան հարևանների միջև։
Միեւնույն ժամանակ, դիվանագետը կարծում է, որ ԱԳ ծրագիրն անցած 10 տարիների ընթացքում տվել է իր դրական եւ չափելի արդյունքները: Նրա խոսքով՝ այսօր ԱԳ վեց անդամներից երեքը օգտվում են արտոնություններից, որոնք տրամադրում է պարզեցված վիզային ռեժիմը, ինչն իր հերթին խթանում է մարդկանց միջեւ շփումները: «Դրանից մարդիկ են շահում, եւ դա անվիճելի է ։ Բացի այդ, իրականացվում են մի շարք հաջողված նախագծեր կրթական ոլորտում, որոնցից ամենապայծառներն են Էրազսմուս+ - ը եւ Թբիլիսիի եվրոպական դպրոցը՚, - ասել է Սվիտալսկին, հավելելով, որ Եվրամիության կողմից հատկացված միջոցների շնորհիվ գործընկեր երկրներում բացվել են հազարավոր աշխատատեղեր։
ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ նշել է, որ ԵՄ շատ գործընկերների համար անվտանգության հետ կապված հարցերն առանցքային են, եւ այդ տեսանկյունից ԵՄ-ն ընկալվում է որպես անվտանգություն մատակարարող կառույց:
Վերջում դիվանագետը տեղեկացրել է ծրագրի մասնակից պետությունների ղեկավարների մոտալուտ հանդիպման մասին՝ հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: