Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերություններն արդեն ամենևին էլ փայլուն չեն, թեև ոմանք համառորեն շարունակում են դրանք այսպես բնութագրել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
«Ինձ թվում է՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն էապես թուլացել են։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ մենք բոլորս ձևացնում ենք, թե դա այդպես չէ, Հայաստանում որոշ քաղաքական ուժեր բավական ակտիվ աշխատում են հայ-ռուսական հարաբերությունները խաթարելու ուղղությամբ։ Այդ ֆոնին Ռուսաստանն էապես բարելավել է հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Հասկանալի է, որ այդ հարաբերություններն առատորեն համեմվում են նավթով և նավթադոլարներով, նաև հասկանալի է, որ Հայաստանը նման ռեսուրսներից զուրկ է՚, - ընդգծել է նա։ Տեր-Թադևոսյանը, ընդսմին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսում չի սպասում՝ դա պայմանավորելով այդ հարցի շուրջ միջազգային փոխհամաձայնության բացակայությամբ։ Նրա կանխատեսմամբ՝ այսօրվա միջազգային հարաբերություններում ինքնուրույն պատերազմ հայտարարելու ընդունակ չեն ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, նման քայլի կարող են գնալ միայն պետությունների խմբերը։
Կոմանդոսը համոզված է, որ Հայաստանը Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունները վերսկսելու մտադրություն չունի։ Նրա գնահատմամբ, Երեւանը ձգտում է Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ լուծման։ Ողջունելով Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ Տեր-Թադևոսյանը բանակցային ձևաչափի փոփոխություն չի ակնկալում, համենայնդեպս` առաջիկա տարիներին։