Արմինֆո. Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակում կան փաստեր, որոնք իրավական գնահատականի կարիք ունեն ։ Այս մասին մարտի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նամակում քրեական գործեր հարուցելու հիմքեր կան ։
<Նամակում ես տեսել եմ հիմքեր, որոնք իրավական գնահատականի կարիք ունեին ։ Կան արդյոք քրեական գործեր հարուցելու հիմքեր, ցույց կտան ստուգողական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստերը>, - ընդգծել է գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել էր. <1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբարե տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ>: Նամակում Շիրխանյանը Քոչարյանին մեղադրում է քաղաքական սպանությունների, սաբոտաժի, կոռուպցիայի, Մեղրին Լաչինի հետ փոխանակման փորձի մեջ և անուղղակիորեն անգամ ակնարկում է 1999 թ.հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը նրա մասնակցության մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, գործը դեռ չի հարուցվել, սակայն Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է պատրաստում Շիրխանյանի հնչեցրած մեղադրանքներից մեկի վերաբերյալ, այն է՝ <1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման> մասով: <Շիրխանյանի կողմից Քոչարյանի հասցեին հնչեցրած մյուս բոլոր մեղադրանքների քննությունը ՀՔԾ-ի իրավասությունից դուրս է>, - պարզաբանել է Օհանջանյանը: