
Արմինֆո. Միջազգային իրավունքի տեսանկյունից Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը, անշուշտ, հետաքրքրություն է ներկայացնում։ Կարևոր է, որ դրանով ԱՄՆ -ն ցույց տվեց դաշնակցային հարաբերությունների և դաշնակցի անվտանգության գերակայությունը համընդհանուր իրավաքաղաքական պայմանագրերի նկատմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որը ճանաչում է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը: Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի որոշումը աղաղակող է գնահատել ։ Իր հերթին Եվրամիությունը եւ Ռուսաստանը հայտարարել են Գոլանի բարձունքները Իսրայելի մաս չճանաչելու մտադրության մասին:
<Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի այս քայլի համար հիմք է ծառայել այդ բարձունքների ռազմավարական նշանակությունն իր տարածաշրջանային դաշնակից Իսրայելի համար, վերջինիս անվտանգության ապահովումը Սիրիայի տարածքից բխող մի շարք սպառնալիքներից: Այսպիսով՝ հենց Թրամփի այս մոտեցումն է հանգեցրել Սիրիայի օրինակով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նշանակության զգալի նվազման: Եվ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնչեցրած մոտեցումը, ըստ որի՝ Սիրիան կորցրեց Գոլանի բարձունքները որպես սեփական ագրեսիայի օրինաչափ արդյունք, չափազանց հետաքրքիր է Հայաստանի համար ՝ Արցախի խնդրի համատեքստում>, - համոզված է նա ։
Ավելին, վերլուծաբանի գնահատմամբ, նման մոտեցման իրավաքաղաքական հետևանքներն ավելի են մերձեցնում Հայաստանն ու Իսրայելը, քանի որ նույն Ադրբեջանը կորցրել է իր տարածքները Արցախի ժողովրդի դեմ իր ագրեսիայի արդյունքում։ Նման զուգահեռների լույսի ներքո՝ Աբրահամյանը համոզված է, որ ԱՄՆ նախագահի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելը նոր հնարավորություններ է բացում Երևանի համար: Իհարկե, միայն Հայաստանի ղեկավարության կողմից այս իրավիճակը ճիշտ ընկալելու դեպքում ՝ որպես սեփական արտաքին քաղաքական մոտեցումների վերանայման լեգիտիմ հիմք։
<Կարծում եմ՝ հայկական դիվանագիտությունը պետք է ջանքեր գործադրի եւ ճկունություն ցուցաբերի Գոլանի նախադեպի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախի վրա տարածելու ուղղությամբ։ Ընդ որում, պետք է նշել, որ առնվազն վերջին 15 տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունն այդպիսի հնարավորություններ չի օգտագործել ՝ ցուցաբերելով հակամարտող երկրի համար անթույլատրելի իներտություն և, համապատասխանաբար, դինամիկա ։ Սակայն, վաղ թե ուշ, այնուամենայնիվ, ստիպված ենք սովորել սեփական սխալների վրա, և վերջապես, նման իրավիճակներն օգտագործել՝ ի շահ մեր պետականության>,- ամփոփել է Աբրահամյանը: