Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման սկզբնական փուլում որոշակի օրակարգ չպետք է լինի։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 28-29-ը Ավստրիա պաշտոնական այցի շրջանակում պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
«Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, որոնց շուրջ մենք, պարզապես, պետք է կարծիքներ փոխանակենք։ Կլինեն նաև քննարկումներ նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում՚, - ասել նա, ընդգծելով, որ հայկական կողմը բանակցությունների է գնում օրակարգով, որը որոշվել է Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Նրա խոսքով՝ սա այն հարթակն է, որի հիման վրա հայկական կողմը վարելու է ողջ բանակցային գործընթացը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում մտադիր է բարձրացնել Արցախին որպես իրավահավասար կողմ բանակցային գործընթացում ներգրավելու հարցը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ դա չի լինի բանակցային ձևաչափի փոփոխություն, այլ ընդամենը` դրա սկզբնական տեսքի վերականգնում։
Հիշեցնենք, Ստեփանակերտում ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում շեշտը դրվել է բանակցային գործընթացում Արցախի ներգրավման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց տարրերի եւ երեք սկզբունքների հստակեցման անհրաժեշտության վրա: