
Արմինֆո. Մինսկի միջնորդների վերջին հայտարարության մեջ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այն տարրերի մասին հիշեցումը, որոնք բանակցությունների սեղանին գտնվել են 2009-2012թթ., ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն փաստով, որ բանակցությունների սեղանին դեռեւս չկան որեւէ նոր տարրեր կամ փաստաթղթեր: Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ տարրերը, որոնց մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, մշակվել են 2009-2012 թթ., այսինքն՝ դա Մադրիդյան գործընթացի սկզբից մինչեւ Կազանի տապալումը ընկած ժամանակահատվածն է: Ընդ որում, նա անթույլատրելի է համարել այն փաստը, որ միջնորդների հայտարարության մեջ նշվում է Մադրիդյան տարրերի մասին եւ ոչինչ չի ասվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք ուղղված են վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերի նվազեցմանը:
Սակայն, ինչպես նշել է Արցախի նախագահի խորհրդականը, Ստեփանակերտի համար չեն կարող ընդունելի լինել այն փաստաթղթերը, սկզբունքները կամ տարրերը, որոնք քննարկվել կամ մշակվել են առանց նրա մասնակցության։ Հենց հաշվի առնելով դա, ընդգծել է Աբրահամյանը, Ստեփանակերտը պնդում է, որ բանակցային գործընթացում ներգրավվի ներկա փուլում, չնայած այն հանգամանքին, որ Մինսկի միջնորդների հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ համանախագահները դեռեւս աննպատակահարմար են համարում իրավիճակի նման զարգացումը: «Այդուհանդերձ, ակնհայտ է և միանշանակ, որ առանց բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության, դրանք չեն կարող արդյունավետ լինել։ Հենց այդ պատճառով էլ Արցախը օր առաջ պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի՚, - ընդգծել է Աբրահամյանը:
Նշենք, որ Մինսկի միջնորդների վերջին հայտարարության մեջ ասվում էր բանակցությունների ներկա ձևաչափի փոփոխման աննպատակահարմարության մասին, հղում էր արվում 2009-2012թթ. Բանակցությունների սեղանին գտնվող տարրերին, որոնք նախատեսում են Ադրբեջանին հանձնել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այդ շրջաններ վերադարձնել փախստականներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հետաձգված հանրաքվե: