Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտությունը հաջող ռազմական լուծում չի կարող ունենալ: Այդ մասին մարտի 11-ին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտում հակամարտությունների կարգավորմանը, բայց միաժամանակ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման օգտին, քանի որ դա բխում է նաև իր իսկ շահերից:
Ջեյմս Ապատուրայը դրական է գնահատել նաև զորքերի շփման գծում լարվածության թուլացումը և երկու կողմերի կառավարությունների՝ խաղաղություն հաստատելու ձգտումը: <Խորապես համոզված ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով: Չի կարող լինել հաջող ռազմական լուծում: Այդպիսին է մեր դիրքորոշումը>,- ասել է Ապատուրայը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությունը: