Արմինֆո. Այսօր իշխանափոխությունից հետո Հայաստանին ողջունում են, գործնականում, ողջ աշխարհում, ընթանում են արտաքին քաղաքական գործընթացներ, արվում են նոր առաջարկներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Սակայն, նման հարցերով, պետականաշինությամբ զբաղվելու, ինքնիշխանությունն ամրապնդելու փոխարեն հայ հասարակության որոշակի շերտ, ընդ որում, ոչ փոքր, սպասում է միայն մեկ բանի` աղետի, Հայաստանի փլուզման, ոչնչացման, որի նպատակը միայն մեկն է. սեփական ճշմարտացիությունն ապացուցել, նախ և առաջ, հենց իրենց:
«Նման իրոք սարսափելի երևույթի ինձ արդեն վիճակվել է բախվել 80-ականների վերջին, 90-ականների սկզբին: Եվ այժմ այդ ողջ փտախտով համակված է տեղեկատվական դաշտը: Մի հայտնի քաղաքական գործիչ ժամանակին նշել է, որ, ի տարբերություն հանգուցյալի, որին կարելի է հուղարկավորել, մեռած հասարակությանը հուղարկավորել չի կարելի: Հենց այդպես է այսօր նեխում ռևանշիզմը, փտում է մեր ոտքերի տակ` գարշահոտությամբ վարակելով հայ հասարակությունը՚, - ընդգծել է նա:
Սարգսյանի գնահատմամբ, բոլոր այդ մարդիկ ցանկանում են երկիրը վերադարձնել ոչ վաղ անցյալ, կեղծիքի աշխարհ, որում հայ հասարակությունն ապրում էր վերջին երեք տասնամյակում: Հայ հասարակության ռևանշիստական տրամադրություններ դրսևորող մասի նման վարքագծի պատճառը Սարգսյանը տեսնում է Հայաստանի հետհեղափոխական գործընթացներում, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը մնաց, մեղմ ասած, անգործ:
Մարդկանց այդ ողջ զանգվածը, վերլուծաբանի գնահատմամբ, կազմված է, այսպես կոչված, քաղաքական, հասարակական գործիչներից, տարբեր կեղտոտ ծառայություններ մատուցող մարդկանցից, լրագրողներից: Եվ ահա այդ զանգվածը տասնամյակներ շարունակ օգտվել է նախորդ վարչակազմերի «բարիքներից՚: Եվ այժմ, կորցնելով տեղն արևի տակ, զբաղվում է չարիքի քարոզչությամբ` կանխատեսելով երկրի մոտալուտ վախճան:
Ըստ վերլուծաբանի, դա շատ վտանգավոր միտում է, որը պետք է հաղթահարել: Սարգսյանը համոզված է, որ հասարակությանն անհրաժեշտ է բացատրել տեղի ունեցողի էությունը, մարդկանց բացատրել, որ որոշակի շրջանակներ փորձում են իրենց մանիպուլացիայի ենթարկել` նրանց գիտակցության մեջ ներդնելով կասկածներ ամեն բանի և բոլորի նկատմամբ: «Այդ ամենը Հայաստանում առաջին անգամը չէ, այդ ամենն ինձ արդեն վիճակվել է տեսնել, հետևել և վերլուծել: Ուստի ես մեծ հույս ունեմ, որ մենք սա էլ կհաղթահարենք և կկարողանանք որոշակիացնել իրավիճակն ու ընթանալ իրական գործընթացներին համահունչ՚, - ամփոփել է վերլուծաբանը: