


Արմինֆո. Ոչ մի «նվիրատվություն՚ արժանի պատժից չի ազատի պետական միջոցները յուրացրած հանցագործներին: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով աղմկահարույց կոռուպցիոն գործերով անցնող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` իրենց գույքը պետությանը «նվիրելու՚ պատրաստակամությանը:
Վարչապետն ընդգծել է, որ, ըստ էության, մենք նրանց «նվիրատվության՚ կարիքը չունենք, քանի որ արդարադատության արդյունքում, երբ նրանց մեղքն ապացուցվի, այդ գույքը, միևնույն է, բռնագրավվելու է օրենքի ուժով, իսկ նրանք կրելու են արժանի պատիժ:
Նիկոլ Փաշինյանն ընդսմին դժգոհություն է հայտնել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտելիության տեմպերի առնչությամբ, կրկին ընդգծելով, որ ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումա պետք է վերադարձվի պետական բյուջե:
Անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի գործին առնչվող կոնկրետ դեպքին, որը անցնում է պետական միջոցների յուրացման մեղադրանքով, Փաշինյանը հաղորդել է, որ Ավետիսյանների ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոյդեն փելըս՚ հյուրանոցը առայժմ չի հանձնվել պետությանը` իրավական պատճառներով:
Ավելի վաղ Ավետիսյանը պատրաստակամություն էր հայտնել հյուրանոցը հանձնել պետությանը: Իր ունեցվածքը պետությանը հանձնելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը: Սակայն, ԱրմԻնֆո-ի տվյալներով, այս հարցը նույնպես դեռեւս ուսումնասիրման գործընթացում է: Իսկ ահա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը` առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Սաշիկ Սարգսյանը, պետությանը փոխանցել է 20 մլն դոլար, որը կուղղորդվի Արցախի զինված ուժերի կարիքներին:



