Արմինֆո. Պաշտոնական Բաքուն ինտենսիվորեն «առաջ է մղում՚ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին պատմել է առկա իրավիճակին ծանոթ օտարերկրյա դիվանագիտական աղբյուրը:
Նրա ասելով, արդեն առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը տեղեկատվական միջոցներով փորձում է հասնել Ալիև-Փաշինյան հանդիպում կազմակերպելուն: «Ավելին, դեռ հունվարին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր փետրվարին Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին, որն այդպես էլ չի կայացել: Ադրբեջանական կողմի համար այսօր չափազանց կարևոր է հասնել վերը նշված երկու մակարդակներից մեկով հանդիպման կազմակերպման՚, - հավելել է օտարերկրյա դիվանագետը:
Մինչդեռ, պաշտոնական Երևանն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել Ալիև-Փաշինյան և Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների նախապատրաստման վերաբերյալ Բաքվի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ընթացիկ տարվա հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ, որում տեղեկացրել են, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հնանդիպում կազմակերպելու հնարավորությունը` բանակցային գործընթացին խթան հաղորդելու նպատակով: