Արմինֆո. Հայաստանը մտադիր է 2019 թվականի վերջին կամ 2020 թվի սկզբին Ռուսաստանից 4 «Սու-30ՍՄ՚ 12 կործանիչ ստանալ. ընդհանուր առմամբ, Երևանը կցանկանար 12 այդպիսի կործանիչ ձեռք բերել: Այդ մասին IDEX-2019 զենքի ցուցահանդեսի ընթացքում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքերով` չորս մեքենայից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան կժամանի 2019 թվականի վերջին` 2020 թվականի սկզբին: «Մենք շարունակում ենք բանակցությունները «Սու-30ՍՄ՚-ի հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան արագ կարող է արտադրանքը պատրաստ լինել. կան ներկրման փոխարինման եւ այլ հարցեր: Առաջին խմբաքանակը մենք նախատեսում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում` հաջորդ տարեսկզբին՚, - ասել է նա:
Պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին, թե քանի նման մեքենա է մտադիր ձեռք բերել Հայաստանի ռազմական գերատեսչությունը, Տոնոյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մեկ էսկադրիլիային (12 ինքնաթիռ):
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ Երեւանը մտադիր է Ռուսաստանից գնել 4 «Սու-30ՍՄ՚ կործանիչ: Պաշտպանության նախարարությունում նաեւ նշել էին, որ ռուսական կողմից նախկինում հատկացված 100 մլն դոլարի վարկի շրջանակում սպառազինության ձեռք բերման գործընթացն իրականացման փուլում է:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 16-17-ը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մասնակցել է Աբու Դաբիի միջազգային խորհրդաժողովին, ինչպես նաեւ IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Փետրվարի 17-ից մինչև փետրվարի 21-ն ընթացող ցուցահանդեսում ներկայացված է նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը: