Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 14-ի նիստում հավանություն է տվել առաջիկա հինգ տարում կառավարության գործունեության ծրագրին: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 82 պատգամավոր, 37-ը դեմ է քվեարկել:
Իր եզրափայիչ խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ յոթերորդ գումարման խորհրդարանը նախորդներից տարբերվում է նոր որակով, ինչի վկայությունը ներկայացված ծրագրի շուրջ եռօրյա բանավեճերն են: Տարիներ շարունակ, շարունակել է վարչապետը, ԱԺ-ում խնդիր կար՝ լիագումար քննարկումներին պատգամավորների մասնակցության հետ կապված, բայց այսօր այդ խնդիրը լուծվել է: Վարչապետը հաջողված է համարել կայացած քննարկումները, որոնք հիմնականում գաղափարների շուրջ էին, բայց միաժամանակ չկային շահերի բախումներ:
Խոսելով հիմնական բեռը քաղաքացու ուսին դնելու առնչությամբ քննադատության մասին՝ վարչապետը նշել է, որ կարծիք է հնչել նաև նոր իշխանությունների իբր ծախվածության մասին, թերահավատություն հայտնվել երկրի ապագայի առնչությամբ: <Բայց մենք միշտ պատասխանել ենք՝ մեզ մի հավատացեք, հավատացեք ինքներդ ձեզ, ձեր ուժերին, հնարավորություններին և ձեր ապագային: Մեր առաքելությունն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հավատա ինքն իրեն, իր հնարավորություններին՝ լինի դա տնտեսությունում, քաղաքականությունում, գիտությունում կամ մշակույթում>,- ասել է Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ խորհդարանի հաջորդ՝ երկրորդ լիագումար նիստը տեղի կունենան մարտի 5-ին: