Արմինֆո.Մհեր Եղիազարյանի գործով նախաքննություն իրականացնող մարմինը հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի նրան գրավի դիմաց բանտից դուրս չթողնեն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եղիազարյանի փաստաբան Վահե Արմենակյանը:
Նա նշել է, որ որպես պաշտպան իր աշխատանքի ողջ ընթացքում դատարանն առաջին անգամ է նման որոշում կայացնում, հաշվի չառնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը, ինչպես նաև այն փաստը, որ նրան վերագրվող հանցագործությունը առանձնապես ծանր հանցագործությունների կարգին չի դասվում և հասարակության համար վտանգավոր չէ: «Որպես կանոն, նման դեպքերում, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառում են չմեկնելու մասին ստորագրությունը: Դատարանի վրա չազդեց անգամ պատգամավորների երաշխավորությունը՚, - հայտարարել է Արմենակյանը:
Նա նաև նշել է, որ որպես գրավ առաջարկված գումարը (5 մլն դրամ – խմբ.), գործնականում, նույնական էր այն գումարին, որի յուրացման համար մեղադրվում էր Եղիազարյանը (գումարը չէր գերազանցում 9 մլն դրամը): «Ի նշան բողոքի` իմ պաշտպանյալը հացադուլ էր հայտարարել: Եղիազարյանը հայտարարել էր, որ առաջադրված խարդախության և կաշառք տալու միջնորդության համար մեղադրանքը ապօրինի է: Նա չէր հերքում, որ փող է վերցրել, և կարծում էր, որ դա պետք է հետաքննվի իրավաքաղաքացիական հարթությունում՚, - ընդգծել է փաստաբանը:
Նա նաև նշել է, որ Եղիազարյանի փաստաբանների խումբը բողոք է նախապատրաստում: «Բոլոր մեղավորները պետք է պատիժ կրեն: Եթե մեր դատական համակարգը չկարողանա պատշաճ կերպով բավարարել մեր միջնորդությունը, մենք կդիմենք ՄԻԵԴ՚, - ընդգծել է Արմենակյանը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այս գործի առնչությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի կոմիտեի նախագահ Մարգրեթ Քիները: Նա նաև նշել է, որ այդ գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանի կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների պատշաճ քննություն:
Հիշեցնենք. հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն՚ ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը: Նա ձերբակալվել էր դեկտեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում: Մհեր Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության և կաշառք տալու համար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Մհեր Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: