Արմինֆո. Հուսով ենք, որ Ադրբեջան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը դրական կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հարավային Կովկաս> քաղաքագետների ակումբի ղեկավար /Բաքու/ Իլգար Վելիզադեն:
<Եվրամիության հետ Ադրբեջանի համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Բաքվի և Բրյուսելի առջև բոլոր ուղղություններով երկխոսության ակտիվացման խնդիր է դրված: Ղարաբաղյան հակամարտությունն այստեղ բացառություն չէ՝ հաշվի առնելով դրա նշանակութունն ու կարևորությունն Ադրբեջանի համար>,- ընդգծել է քաղաքագետը:
Ադրբեջանը պատրաստվում է 2019 թվականին Եվրամիության հետ Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը:
Բանակցությունները մեկնարկել են 2017 թ. փետրվարին: 2018 թ. հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի և ԵՄ միջև գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի նախաստորագրումը: Փաստաթուղթը վերջնականապես ձևակերպվել է հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում: Սակայն, եթե մինչև 2019 թ. մայիսը բանակցությունները չավարտվեն, այս տարի պայմանագիրը չի ստորագրվի, քանի որ 2020 թ. տեղի են ունենալու Եվրախորհրդարանի ընտրությունները, ինչից հետո կսկսվի Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման գործընթացը:
Վելիզադեի խոսքով, ԵՄ-ն այսօր Բաքվի հիմնական տնտեսական և քաղաքական գործընկերներից մեկն է, որն իր հերթին Բրյուսելի կարևորագույն գործընկերն է Կասպյան և Կովկասյան տարածաշրջաններում: Այս առումով, ինչպես նշել է Վելիզադեն, Բաքուն ակնկալում է, որ տնտեսության ոլորտում երկխոսության զարգացումը դինամիկա կհաղորդի նաև Եվրամիության հետ քաղաքական համագործակցությանը:
Ըստ որում, ադրբեջանցի քաղաքագետը գտնում է, որ ԵՄ-ն շարունակում է փորձել իր կարծիքը պարտադրել Ադրբեջանին՝ անգամ իրավահավասար երկխոսություն առաջարկելով: Մինչդեռ, ըստ նրա, Բրյուսելը Հայաստանի նկատմամբ այլ՝ արտոնյալ մոտեցում է ցուցաբերում: Վելիզադեի խոսքով, Հայաստանում իշխանափոխությունը քաղաքական ինդուլգենցիա չի տալիս Երևանին:
<Կարծում եմ՝ նման ընտրովի վերաբերմունքը վնաս է հասցնում առաջին հերթին Բրյուսելի հեղինակությանը: Եվ քանի դեռ Եվրամիությունը զգալի հեղինակություն ունի, Բրյուսելը պետք է մտածի գործընկեր երկրների հետ հարաբերություններում նման տարբերությունների պատճառների ու հետևանքների մասին>,- ամփոփել է ադրբեջանցի քաղքագետը:
Ադրբեջանցի մեկ այլ փորձագետ Ավազ Հասանովն իր հերթին համոզված է, որ ԵՄ հետ պայմանագիրը կստորագրվի արդեն այս տարի, և դա՝ անկախ ղարաբաղյան հակամարտությունում կամ Հայաստանի նկատմամբ ԵՄ դիրքորոշումից: Հասանովի կարծիքով, ԵՄ հետ համաձայնագիրն անհրաժեշտ է Ադրբեջանին՝ ամենից առաջ Բաքվի վրա ռուսական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: