Արմինֆո.Հաշվի առնելով այն փաստը, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, այսօր չի տարվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը պետք է ուղղված լինեն գործընթացի վերսկսմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի միջև հաճախակի դարձած ոչ պաշտոնական հանդիպումներին՝ Աբրահամյանը նշել է, որ անկախ այն բանից, թե ինչ ձևաչափով դրանք տեղի կունենան, կարող են նպաստել բանակցությունների վերսկսմանը: <Այդ պատճառով գտնում եմ, որ կարևոր չէ՝ այս կամ այն հանդիպումը պաշտոնական է, թե չէ, ամեն դեպքում, դա շատ դրական գործընթաց է>,- ընդգծել է Աբրահամյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը և <հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության> մասին ձևակերպմանը՝ Աբրահամյանն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար միջնորդները պետք է ջանքեր գործադրեն Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայատեցությունն արմատախիլ անելու ուղղությամբ: <Չեմ կարծում, որ Հայաստանը և Արցախը նման կոչերի կարիք ունեն: Ադրբեջանում բոլոր մակարդակներով քարոզվում է հայատեցությունը և պատերազմի քաղաքականությունը: Այդ պատճառով, կարծում եմ, որ այդ կոչն ավելի շատ ուղղված է Ադրբեջանին, քան մեզ: Բաքուն պետք է վերանայի հայատեցության իր քաղաքականությունը՝ սկսած դպրոցներում և մանկապարտեզներում կրթությունից>,- նշել է նա՝ ընդգծելով, որ չի կիսում մտավախությունները, որ միջնորդները, խաղաղության փոխարեն, փորձում են Ադրբեջանին հանձնել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները:
Նրա խոսքով, պետք չէ որևէ ստվերային գործընթաց փնտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: <Պարզապես համանախագահները փորձում են առավելագույն ջանք գործադրել բանակցությունների վերսկսման համար, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նրանց ջանքերն ապարդյուն են անցնում: Հաշվի առնելով, որ համանախագահները գիտակցում են էսկալացիայի սպառնալիքը՝ նրանք ձգտում են ամեն բան անել բանակցությունների վերսկսման համար>,- ամփոփել է Արցախի նախագահի խորհրդականը: