Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարելու նկատմամբ ԵԱՀԿ էմբարգոն կսահմանափակի Հայաստանն ու Ադրբեջանը մանիպուլյացիայի ենթարկելու Մոսկվայի հնարավորությունները:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
«Ռուսաստանն այսօր Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային գերիշխանույթյան սեփական ձգտման պլացդարմ և անվտանգության իր կովկասյան ճարտարապետության անբաժան մաս: Հետևաբար, զրկվելով Հայաստանում ներկայությունից, Ռուսաստանը կզրկվի Կովկասում գերիշխելու հնարավորությունից: Ավելին, Երևանի կողմից ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու դեպքում լրացուցիչ սահմանափակումների կբախվի նաև իշխանությունը Կովկասից սևծովյան տարածաշրջան պրոյեկցելու Մոսկվայի ունակությունը՚, - կարծում է նա:
Այդ լույսի ներքո, Մոսկվան, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը դիտարկում է որպես երկու հակամարտող երկրների նկատմամբ սեփական տիրապետությունն ամրապնդելու գործիք: Եվ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, Երևանում պատրաստակամություն հայտնելով ամերիկյան սպառազինություն մատակարարել «Հայաստանի հնարավորությունները մեծացնելու՚ նպատակով, կասկածի տակ դրեց այդ գործիքի կիրառությունը: ԱՄՆ դիվանագետը նաև կասկածի տակ դրեց Մոսկվայի արտոնյալ դիրքը` որպես Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարող:
Նախորդ տարվա հոկտեմբերի 24-26-ը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այցին նախորդել էին Մոսկվայում Բոլթոնի բանակցությունները: Ռուսաստանցի փորձագետները ՌԴ շահերին հակասող համարեցին Ջոն Բոլթոնի կովկասյան շրջագայությունը, որը, նրանց համոզմամբ, վկայում էր Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության աշխուժացման մասին: Մոսկվայի նյարդային արձագանքը պայմանավորված էր, առաջին հերթին, Երևանում Բոլթոնի բարձրացրած հարցերով:
Այդուհանդերձ, վերլուծաբանի կանխատեսմամբ, նույնիսկ ռուսական զենքի փոխարինումն ամերիկյանով չի կարող խնդիրը լուծել: Նրա կարծիքով, զենքի մատակարարումների նկատամբ ԱՄՆ հետաքրքրությունը, ավելի շուտ, կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին զենքի մատակարարումների նկատմամբ էմբարգոյի: Հայաստանին ու Ադրբեջանին զենքի մատակարարումների նկատմամբ ԵԱՀԿ բոլոր երկրների համար պարտադիր արգելքը կծառայի որպես կայունացնող գործոն և կսահմանափակի հակամարտող կողմերին մանիպուլյացիայի ենթարկելու Մոսկվայի հնարավորությունները:
«Երևանում Բոլթոնն ընդգծեց Հայաստանի լիակատար ինքնիշխանության իրացման, օտարերկրյա չափազանց ազդեցությունից երկրի անկախության վիթխարի կարևորությունը, ինչպես նաև «Հայաստանի անվտանգության համար Ռուսաստանի անփոխարինելիության՚ մասին կարծրատիպի իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը: Դա ցույց տվեց, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունն առավելապես պայմանավորված է երկրում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու Վաշինգտոնի ձգտմամբ, քան` Իրանով՚, - կարծում է վերլուծաբանը:
«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը, որում Բոլթոնը մեղադրվում էր «Հայաստանի գործերին միջամտելու և դաշնակիցների միջև սեպ խրելու փորձի համար՚, ցույց տվեց Հայաստանը համակարգային կախվածության մեջ պահելու Մոսկվայի վճռականությունը: Այդ հակազդեցությունն սպասելի էր և` ոչ զարմանալի: Մոսկվայում բնավ չեն ցանկանում ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների փոփոխություն, և դրա պատճառներն ակնհայտ են՚, - ամփոփել է Աբրահամյանը: