Արմինֆո. ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում պատգամավոր Միքայել Մելքումյանը կոշտ Է արձագանքել ադրբեջանցի պատվիրակներ Սևինջ Ֆատալիևայի և Ռաֆայել Հուսեյնովի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արհամարհական գնահատականներին:
Մելքումյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. <Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Նոր խորհրդարանում ներկայացված են երեք քաղաքական ուժեր: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան ապրիլյան քաղաքական հեղափոխությունից հետո:
Այժմ, երբ ձևավորվել է նոր խորհրդարան և շուտով կձևավորվի նոր կառավարությունը, մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն: Մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ և դրա համար այսօր կատարվում են օրենսդրական և վարչարարական աշխատանքներ: Կարճ ժամկետում կընդունվի նաև նոր հարկային օրենսգիրք, չկան արհեստական մենաշնորհներ, և դատական համակարգն արդեն ունի որոշակի անկախություն>,- ասել է Մելքումյանը:
Պատգամավորը նաև նշել է, որ երկրի համար մեծ նշանակություն կունենա Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի գործարկումը: Մելքումյանի խոսքով, այդ պայմանագրում քաղաքական, իրավական նորմերից բացի, կա նաև տնտեսական լուրջ բաղադրիչ, որը թույլ կտա ընդլայնել ՀՀ և ԵՄ միջև ապրանքաշրջանառությունը՝ լիարժեք օգտագործել GSP+ համակարգը: Մելքումյանը նաև ընդգծել է, որ ցավոք, ամբողջ աշխարհում չի նվազում սոցիալական լարվածությունը և բարձր է աղքատության մակարդակը ու գործազրկությունը: <Ո՞րն է դրանք հաղթահարելու ամենաարադյունավետ եղանակը: Կարծում եմ՝ ամենաարդունավետը ժողովրդի աջակցությունը և քաղաքական կամքն է: Մեր երկրում այդ երկու գործոնները, կարծես թե, առկա են: Այլ կերպ ասած՝ ենք ունենք շանս հաղթահարելու վերոնշյալ խնդիրները, թե որքան ժամկետում դա հնարավոր կլինի, ցույց կտա կյանքը և ժամանակը>,- ասել է պատգամավորը: