Արմինֆո. Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post-ում հրապարակված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ շուտով Իսրայելում և Հայաստանում կբացվեն երկու երկրների դիվանագիտական գերատեսչություններ:
Ընդ որում, նա ձեռնպահ է մնացել Երուսաղեմում Հայաստանի դիվանագիտական գերատեսչություն բացելու հնարավորության վերաբերյմալ հարցի պատասխանից: Մնացականյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ հարաբերություններին նոր որակի հաղորդմամբ: Արտգործնախարարի պաշտոնակատարի ասելով, Հայաստանը շատ բան կարող է առաջարկել Իսրայելին գյուղատնտեսության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: Նա նաեւ հաղորդել է, որ մոտ ապագայում մտադիր է մեկնել Իսրայել` համատեղ նախագծերին խթան հաղորդելու համար:
Անդրադառնալով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցին` Մնացականյանը հայտարարել է, թե, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում դարի սկզբում 1,5 մլն հայ է բնաջնջվել, հայ ժողովուրդն իրեն զոհ չի զգում: «Մենք հաղթող ազգ ենք՚, - վստահեցրել է նա, ընդսմին հիասթափություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը տապալվում են Իսրայելի Քնեսետում: «Ցավոք սրտի, այդ հարցը դարձել է մանրադրամ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում՚, - ընդգծել է արտգործնախարարի պաշտոնակատարը:
Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ չնայած Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, Հայաստանը մտադիր է խորացնել հարաբերությունները Թել Ավիվի հետ, նույնիսկ, պաշտպանական ոլորտում: «Սակայն այդ հարաբերությունները չպետք է զարգանան այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին», - ասել է Մնացականյանը, ընդգծելով, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Թեհրանի հետ, իսկ իրանական ուղղությունը Հայաստանի համար կյանքի ճանապարհ է Ադրբեջանի հետ առճակատման ընթացքում և Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանների շրջափակման պայմաններում: