Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի ոչ 2019 թվականին, ոչ 2020 թվականին, ոչ էլ 2021 թվականին: Հակամարտությունն այն փուլում չէ, երբ հնարավոր է վերջնական կարգավորման հասնել: Հունվարի 11-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշել է, որ նման հակամարտությունները երբեք արագ չեն լուծվում, եւ ղարաբաղյան հակամարտությունը այժմ բավականին երիտասարդ է: «Այն, ինչ կատարվում է այժմ, բանակցային գործընթացի շրջանակում իրական աշխատանքի վերսկսման փորձ է: Բոլոր կողմերը տարբեր շահեր են հետապնդում: Օրինակ, ադրբեջանական կողմը փորձում է իր համար որոշակի զիջումներ կորզել: Հիմնականում` դա Ադրբեջանը որպես կառուցողական երկիր ներկայացնելն է: Այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին էր, որ հենց հայկական կողմն էր կառուցողական, իսկ Ադրբեջանն իր դիրքորոշմամբ արգելակում էր բանակցային գործընթացը: Հիմա Ադրբեջանը փորձում է փոխել այդ կոնֆիգուրացիան եւ ցույց տալ, թե պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել, սակայն Հայաստանը չի համաձայնում», - ասել է փորձագետը:
Քաղաքագետը նաեւ նշել է, որ այս իրավիճակում Հայաստանը ձգտում է կարգավորել բանակցային գործընթացը, քանի որ այն անվտանգության ձեւաչափերից մեկն է: «Այո, բանակցային գործընթացը ամենեւին փայլուն չէ եւ ոչ միշտ է անվտանգության աշխատող ձեւաչափ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ցանկանում է վերակենդանացնել այն: Այդպիսով, երկու երկրների շահերը որոշ իմաստով համընկնում են, եւ դրանով է պայմանավորված բանակցային գործընթացի ակտիվացումը, սակայն կողմերը հետապնդում են միանգամայն տարբեր նպատակներ», - եզրափակել է Իսկանդարյանը:
Նշենք, որ հունվարի 8-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են հունվարին անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: