Արմինֆո. ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հայտարարության մեջ:
<ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:
Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն:
Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա>,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակ ռեստորանում վեճի են բռնվել։ Ծեծկռտուքի հետեւանքով դանակի վնասվածքից փողոցում մահացել է Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Մահվան ելքով միջադեպը ապատեղեկատվության տարածման առիթ է դարձել: Միջադեպի հետ առնչություն ունեն երեք հայեր: Ծեծկռտուքի և սպանության փաստի առնչությամբ, վերջին տվյալների համաձայն, ձերբանակալվել է 7 մարդ, որոնցից հինգը կալանավորվել են: Հայտնի է, որ նրանցից մեկը ղազախ է, երկուսը` հայ: Եվս մեկ հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: