Արմինֆո. Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան ենթատեքտ: Նախօրեին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին հերթին, կցանկանայի ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և մերձավորներին և ընդգծել, որ միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ: Ինչպես ինձ զեկուցել են, հակամարտող կողմերը մոնոէթնիկ չեն եղել՚, - ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ խմբերից մեկում եղել է նաև ազգությամբ ղազախ, և միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան ենթատեքստ: Նիկոլ Փաշինյանը հայկական ԶԼՄ-ներին հորդորել է միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել մանրակրկիտ ստուգելուց հետո միայն:
«Լուսավոր Հայաստանի՚ առաջնորդ Էդմոն Մարուքյանն, իր հերթին, Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է արել հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և իազոր դեսպանին` Կարագանդայում շարունակվող զարգացումների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: «Ֆեյսբուքի՚ իր էջում նրա գրել է. «Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերհասկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել այն դարձնելով հակահայկական ակցիա: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակ ռեստորանում վեճի են բռնվել։ Ծեծկռտուքի հետեւանքով դանակի վնասվածքից փողոցում մահացել է Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Մահվան ելքով միջադեպը ապատեղեկատվության տարածման առիթ է դարձել: Միջադեպի հետ առնչություն ունեն երեք հայեր: Ծեծկռտուքի և սպանության փաստի առնչությամբ, վերջին տվյալների համաձայն, ձերբանակալվել է 7 մարդ, որոնցից հինգը կալանավորվել են: Հայտնի է, որ նրանցից մեկը ղազախ է, երկուսը` հայ: Եվս մեկ հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։