


Արմինֆո. Հայաստան արտահանվող ռուսական գազի սակագինը 1019 թ. հունվարի 1-ից, ամենայն հավանականությամբ, կբարձրանա: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Ըստ որում, նա կանխատեսել է, որ ինչպես Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ այս անգամ, սակագինը կբարձրանա գարնանը կամ ամռանը, որպեսզի բնակչությունն անմիջապես չզգա դրա բացասական հետևանքները: <Կարծում եմ, ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ Փաշինյանը կխնդրի Ռուսաստանին հետաձգել սակագնի բարձրացումը մինչև գարուն: Թեև բացառված չէ, որ այս անգամ Ռուսաստանը կարող է նաև մերժել>,- հայտարարել է փորձագետը՝ կոչ անելով գազի գնի հարցը չդիտարկել բացառապես հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, քանի որ գազի արտահանումը Մոսկվայի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է շատ երկրների հետ վերջինիս հարաբերություններում՝ նաև ընդհանուր առմամբ գլոբալ աշխարհաքաղաքականության կառուցման առումով:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում, քանի որ համաձայնագիրը, որով Հայաստանը ռուսական գազ է ստանում 1000 խմ դիմաց $150 գնով, ավարտվում է
2018 թ. դեկտեմբերի 31-ին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին հայտնել է, որ քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել գազի գնի շուրջ, Հայաստանը երկնագույն վառելիք կստանա ներկայիս գնով:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտարարել էր, որ ՀՀ համար ռուսական գազի գնի նվազեցման հնարավորություն կա, և ինքը մտադիր է քննարկել այդ հարցը Ռուսաստանի առաջնորդի հետ:



