


Արմինֆո.ՊԵկ-ը հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, նախազգուշացնելով, որ ապօրինի ձեռնարկատերերի նկատմամբ կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:
Ինչպես նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար:
«Նույն գործունեությունը պետական գրանցում չստացած կամ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից իրականացվելու դեպքում կդիտարկվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն և կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից՚, - ասվում է հաղորդագրությունում:



